Պեսկովը հաստատել է` Փաշինյանը գնալու է Մոսկվա

Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, թե ինչ հարցեր ու խնդիրներ պետք է քննարկեն երկու երկրների ղեկավարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վլադիմիր Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին։ Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի թեման. Կրեմլ

«Այո, ապրիլի 7-ին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Դուք գիտեք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով ակտիվ երկխոսություն է ընթանում։ Առաջին հերթին, իհարկե, կքննարկվի եռակողմ պայմանավորվածությունների և եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որով վերջ դրեց Ղարաբաղում ռազմական գործողություններին», — ասել է Պեսկովը:

Բացի այդ, նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, կքննարկվեն Անդրկովկասի տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման հետ կապված հարցեր, կարծիքներ կփոխանակվեն ընտրական գործընթացի շուրջ, որն այժմ սկսվել է Հայաստանում, կքննարկվեն ռուս-հայկական համագործակցության այլ արդիական հարցեր:

Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 7–ին Մոսկվա նախատեսված այցից և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը ինքնամեկուսացել է։