Թեև Իրանի և Չինաստանի միջև կնքված համաձայնագիրը հիմնականում տնտեսական է, այդուհանդերձ խորքում ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն և ռազմական բաղադրիչ, որը փաստացի փոխելու է մեր տարածաշրջանի ռազմական, տնտեսական ու քաղաքական պատկերը։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Չինաստանի արտգործնախարար Վան Ին և նրա իրանցի պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆը մարտի 27-ին Թեհրանում պայմանագիր ստորագրեցին, որի առանցքային դրույթներից մեկը Չինաստանի կողմից իրանական տնտեսությունում խոշորածավալ ներդրումների իրականացումն է։
«Եթե գնահատենք Իրանի դիրքերից, ապա այդ համաձայնագիրը միանշանակ ու վերջնականապես չեզոքացնելու է ԱՄՆ–ի և արաբական երկրների ռազմավարությունը, որը հիմնված է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման քաղաքականության վրա և կոչված է նրան ծնկի բերելուն ու իրենց հաճո նոր միջուկային համաձայնագիր պարտադրելուն»,– ասաց Պետրոսյանը։
Արաբագետի կարծիքով` իրանա–չինական համաձայնագիրը մյուս կողմից ուժեղացնում է Իրանի դիրքերն ԱՄՆ–ի հետ բանակցություններում` միջուկային համաձայնագրի բովանդակության քննարկումների առումով։ Ըստ նրա` եթե Միացյալ Նահանգները նախկինում ուներ առավելություն, և պաշտոնական Թեհրանը պարզապես ստիպված էր գնալ համաձայնության, առավել ևս, որ ամերիկյան պատժամիջոցները վերջին տարիներին շոշափելի ու զգալի բացասական ազդեցություն են ունեցել իրանական տնտեսության վրա, ապա այժմ իրավիճակը փոխվում է։
ԱՄՆ-ն կշարունակի Իրանի դեմ «հիբրիդային պատերազմը», կամ ինչն է ձեռնտու Հայաստանին
«Նախևառաջ դրական սպասումներ են առաջանում իրանական հասարակության շրջանում` հաշվի առնելով տեղի իշխանության կողմից տասնամյակներ շարունակվող քարոզչությունը։ Իրանի հասարակությունն ավելի շատ հակված է համագործակցել արևելյան երկրների հետ, քան Արևմուտքի, քանի որ ԱՄՆ–ն, Մեծ Բրիտանիան իրենց դաշնակից Իսրայելի հետ միշտ ներկայացվել են որպես թշնամական պետություններ»,– նշեց արաբագետը։
Պետրոսյանի գնահատմամբ`մեր տարածաշրջանի պատկերն աշխարհաքաղաքական շահերի բախման տեսանկյունից զգալիորեն փոխվելու է, որովհետև Չինաստանն Իրանի հետ համագործակցելով` անմիջականորեն ներգրավվելու է Մերձավոր Արևելքի գործընթացներում, և չնայած նախկինում էլ Չինաստանի ներկայությունը որոշ չափով կար, բայց հիմա այն կընդլայնվի ու կդառնա ավելի ազդեցիկ, առավել ևս, որ նախատեսվում է նաև չինական ռազմական կոնտինգենտի ներկայություն մեր տարածաշրջանում։
Կտրուկ շրջադարձ. Իրանում կառուցվելիք տրանսպորտային միջանցքը կանցնի Հայաստանի տարածքով