«Մարտի 1»-ի գործով դատախազը միջնորդում է կասեցնել քրեական գործի վարույթը

Նախատեսվում է, որ ընդմիջումից հետո մեղադրող կողմը կներկայացնի ՍԴ-ի կողմից հակասահմանադրական որակված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ իր միջնորդությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Մարտի 1»-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության հերթական նիստում հայտարարեց, որ դատարանին միջնորդություն է ներկայացնում ՍԴ դիմելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը խնդրեց մինչ միջնորդության բանավոր ներկայացումը դատարանին փոխանցել դրա տպագիր տարբերակը, ինչը դատախազը կատարեց:

Մենք չգիտենք, թե ինչ գործ է քննվում. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Պաշտպանական կողմը ևս պահանջեց միջնորդության մեկ օրինակ, ինչին դատախազը պատասխանեց, որ այլ օրինակ չունեն և առաջարկեց դատարանին պատճենել տրամադրված օրինակն ու տրամադրել պաշտպաններին:

Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց ընդհատել դատական նիստը՝ մինչև տեխնիկական խնդիրների իրականացումը և շարունակել, երբ պաշտպանական կողմը կստանա միջնորդության իր օրինակը:

Դատական նիստն այսպիսով ընդմիջվեց անորոշ ժամանակով:

Նախատեսվում է, որ ընդմիջումից հետո մեղադրական կողմը կներկայացնի ՍԴ-ի կողմից հակասահմանադրական որակված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ իր միջնորդությունը:

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Սահմանադրական դատարան:

Դատախազը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանությունը։