ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահին ուղեկցել են մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Հայաստանի զինված ուժերի նախկին ժամկետային զինծառայողներ Արկադի Անդրեասյանը, Արսեն Հովակիմյանը, Անդրե Վարդումյանը, Գոռ Դարմանյանն ու Լիպարիտ Մելքոնյանը: Վերջիններս Հայրենիքի պաշտպանին աջակցելու նախագահական նախաձեռնության շրջանակում աշխատանքի են անցել Հանրապետության նախագահի աշխատակազմում:
«Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների, ինչպես նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, զրուցել Եռաբլուր այցելած՝ արցախյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին:
Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ:
Ռազմական գործողությունները դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։