Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել. Արցախի ԱԳՆ

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի կապակցությամբ: 

Փաշինյանի անունից Եռաբլուրում ծաղիկներ են դրվել Ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին

«2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը»,- ասված է հայտարարության մեջ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել են բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. արձանագրվել հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:

«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ»,- նշում է ԱԳՆ-ն՝ համոզմունք հայտնելով, որ միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:

Եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինենինք, այս պատերազմն այլ ելք կունենար. ԳՇ պետ

«Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ»,- նշված է հայտարարությունում:

2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմը ավելի քան 100 զոհ ունեցավ:

Ռազմական գործողությունները, Ռուսաստանի միջնորդությամբ, դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։