Զախարովան մեկնաբանել է Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը

Մոսկվան կողմ է մշակութային, կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքին և կոչ է անում հնարավորինս շուտ Լեռնային Ղարաբաղ ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը կողմ է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն շուտափույթ գործողություններ իրականացնի ղարաբաղյան հակամարտության գոտում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը:

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Արցախի հարցը

«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային, կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքին։ Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը»,- ասել է Զախարովան։

Նա հավաստիացրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար Մոսկվան կապ է պահպանում կողմերի հետ։

Հիշեցնենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը տեղեկացրել էր, որ Ադրբեջանը գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հանձնաժողովը Twitter–ի իր էջում ահազանգել էր այդ մասին` հավելելով, որ ԻՍԻՍ-ի ձեռագրով է եկեղեցին ավերվել։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է` ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի կարողանում ստանալ Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունը` նրա տիրապետության տակ անցած հայկական պատմամշակութային կոթողների վերահսկողություն և զննում իրականացնելու համար։

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը