ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Այս տարի ընդունելության քննություններից հետո կունենանք հետևյալ պատկերը` ցածր գնահատականներով ոչ շատ պատրաստ դիմորդները կզբաղեցնեն ավելի շատ գիտելիքներ ունեցողների տեղը, արդյունքում նաև դիմորդների քանակը կնվազի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով այս տարի ընդունելության քննությունների ձևաչափին։
Նշենք, որ այսօր ընթացող կառավարության նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել էր` բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։
«Կառավարությունը մի քիչ ուշացած տրամաբանություն է ցուցաբերում` այս հարցն օրակարգ բերելով։ Հարցն այն է, որ խորհրդային ժամանակ շատ արդարացված էր նման մտածողությունը և այդպիսի կրթական համակարգը։ Իսկ հիմա, երբ հասարակական հարաբերությունների արագությունն այնքան է ավելացել, իսկ մասնագիտական ուղին էլ ուղիղ գիծ չէ, ստացվում է` այդ մտածողությունը հնացել է»,–ասաց Մխիթարյանը` հավելելով, որ պետք չի հիմա ամրագրել այն, ինչ կար սրանից 30 տարի առաջ։
Նրա խոսքով` խորհրդային տարիներին էր այդպես` աշակերտը, դպրոցում լավ սովորելով, բուհ էր ընդունվում համապատասխան մասնագիտությամբ, և այդտեղից սկսած` նրա կյանքի ուղեծիրը պարզ էր, քանի որ արդեն գիտեին, թե որտեղ է աշխատելու, ինչ աշխատավարձ է ստանալու։ Սա շատ բնութագրական էր պլանային տնտեսության համար։
Փորձագետը նշեց, որ անկախության առաջին տարիներին գուցե այդ մտածողությունը դեռ արդարացված լիներ, սակայն հիմա իրավիճակն այլ է. բուհ ընդունվելուց 4-5 տարի հետո կարող է այնպես ստացվել, որ այդ մասնագիտությունը մեծ փոփոխություններ ապրի, կամ էլ հասարակական հարաբերություններն այնքան արագ փոխվեն, որ այդ մասնագիտությունը փոփոխվի կամ վերանա։
«Ստացվում է, որ նման որոշումներով, այսինքն` առաջնայնությունը տալով մասնագիտական կողմնորոշմանը, ըստ էության, ճնշում ենք մարդու ազատ ապրելու, ստեղծագործելու, ուսում ստանալու իրավունքը։ Հիմա այնպիսի դարաշրջանում ենք ապրում, որ մարդն անընդհատ պետք է կրթվի, և դիմորդին ընդամենը մեկ բուհով և մասնագիտությամբ սահմանափակելը նշանակում է` կորցնելու ենք այն ներուժը, որ ունեինք շրջանավարտների շրջանում»,–շեշտեց Մխիթարյանը։
Փաշինյանի գաղափարն իրականացնելու դեպքում կրթական համակարգը լիովին կկազմաքանդվի. փորձագետ
Փորձագետը գաղափարապես դեմ է այդ մոտեցմանը, քանի որ, ըստ նրա, պետք է ճիշտ հակառակը լիներ` այնպես անեինք, որ չկորցնեինք մարդկային այն ներուժը, որ ձևավորվել է դպրոցում։ Որպես օրինակ Մխիթարյանը բերեց լրագրողների մասնագիտությունը և նշեց` այնպես չէ, որ բոլորը լրագրության բաժինն են ավարտել, սակայն իրենց կարողություններն ու հմտությունները զարգացնելով, գիտելիքները լրացնելով` շատերն են աշխատաշուկայում իրենց տեղը գտնում։
Մխիթարյանի խոսքով` փոխարենն այնպես անեն, որ մասնագետներ ունենանք, որոնք անմիջական կապ կունենան տնտեսության և արտադրության մեջ, հին մտածողությամբ ենք առաջ քաշում։
Նա հիշեցրեց, որ նման անարդար պատկեր նաև նախորդ տարի ունեցանք` բարձր գնահատականներով, լավ գիտելիքներով շրջանավարտներ եղան, որոնք չընդունվեցին իրենց նշած մասնագիտությամբ բուհ, և ցածր միավորներ ունեցողները զբաղեցրին նրանց տեղը։
Հիշեցնենք, որ ի տարբերություն անցած տարվա, երբ կորոնավիրուսով պայմանավորված որոշվել էր անցկացնել միայն մեկ քննություն, այս տարի դիմորդները կհանձնեն մինչև 2 մրցութային քննություն: Հանրապետության բուհերում 2021-22 ուսումնական տարվա համար հատկացվել են 2918 անվճար և 22 300 վճարովի տեղեր։