Պետական ծառայողների կանայք և երեխաները մարզասրահներ կայցելեն պետության հաշվին

Իր նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Պետական պաշտոնյաների ու պետծառայողների ընտանիքի անդամները մարզասրահներ կայցելեն հարկատուների գրպանի հաշվին:

Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում՝ համապատասխան փոփոխություն կատարելով արդեն իսկ գործող որոշման մեջ:

Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ պաշտպանության նախարարության շենքի հսկողությունը

Բանն այն է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:

Եվ ահա, կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Իսկ դրա դիմաց վճարելու է պետությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀՀ շարքային հարկատուն:

Իր այս նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն  կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»:

«Սոցփաթեթի շահառու են հանդիսանում ոչ միայն պետական կառավարման համակարգի աշխատողները, այլ նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, համերգային կազմակերպությունների, թատրոնների և մի շարք այլ կազմակերպությունների աշխատողներ: Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառու չեն հանդիսանում քաղաքական, պետական վարչական պաշտոն զբաղեցնող և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք»,–ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ավելի ուշ հրապարակած պարզաբանման մեջ:

Բիզնեսով զբաղվող պաշտոնյաներ, գույքի հայտարարագրում. կոռուպցիայի դեմ քայլեր են արվում

Նշենք, որ գործող կարգով պետական ապարատի աշխատակիցներն արդեն իսկ ապահովված էին պետության տրամադրած միջոցներով առողջապահության ծառայություններից օգտվելու, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման ծառայություններ ներառող սոցփաթեթով: