Օվերչուկը հայտնել է Ալիևին, որ Արցախի հարցով եռակողմ խմբի աշխատանքում առաջընթաց կա

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ ռուսական կողմի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար ստեղծված եռակողմ խմբի աշխատանքում առաջընթացի մասին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Եռակողմ աշխատանքային խումբը կզբաղվի տարածաշրջանում բնականոն կյանքի վերականգնման հարցերով

«Մենք հանդիպել ենք հինգ անգամ ինչպես անձնական շփման, այնպես էլ տեսակոնֆերանսների ռեժիմով։ Մենք իսկապես որոշակի առաջընթաց ունենք աշխատանքում ու սերտորեն համագործակցում ենք», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկն ասել է, որ ռուսական կողմի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ «իսկապես լավ կապ է ստեղծվել»։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվել էր երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Ստեղծվել են նաև փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական ու հսկողության այլ տեսակները:

Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա