Ով կօգտվի կառավարության սահմանած նոր ծառայությունից. բարձրաստիճան պաշտոնյաները շահառու չեն

Կառավարության սահմանած նոր կարգն ու նախաձեռնած օրենքի փոփոխությունը կսկսեն գործել արդեն այս տարի ամռանը, եթե որևէ ֆորս մաժոր չլինի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Պետական բարձրաստիճան պաշտոնյաները սոցփաթեթից չեն օգտվում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ մեկնաբանելով կառավարության այսօրվա նիստում ընդունած որոշումը:

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել պատերազմի մասնակիցների ուսման վարձերը

Հիշեցնենք՝ դրանով առաջարկվում է «պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջության պահպանման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու» հնարավորություն ընձեռել պետական միջոցների հաշվին:

«Նախարարը, փոխնախարարները, կառավարության ենթակայությամբ գործող տեսչական մարմինների ղեկավարները, տեղակալները, գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ՍԴ նախագահը, ՄԻՊ-ը և այս համատեքստում՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնական անձինք սոցփաթեթից չեն օգտվել և այս նախագծով ոչ մի փոփոխություն չկա, կրկին շարունակելու են չօգտվել»,- ասաց Սարգսյանը:

Նախարարության ներկայացուցիչը նշեց նաև, որ կառավարության որոշմամբ միայն ավելացվել է սոցփաթեթի շահառուներին մատուցվող ծառայությունների թիվը: Եթե մինչև հիմա նրանք կամ նրանց ընտանիքի անդամները կարող էին տրամադրվող գումարի սահմաններում օգտվել առողջապահության ծառայություններից, վճարել հիփոթեքային վարկի ամսական վճարը, ուսման վարձը, ինչպես նաև հանգստանալ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ապա այժմ կկարողանան նաև այցելել մարզասրահներ, լողավազաններ:

ՀՀ կառավարությունը պատրաստվում է վերանայել բյուջեն. եկամուտներն աճել են 20 մլրդ դրամով

Ժորա Սարգսյանը նաև շեշտեց, որ օրենքի նախագիծն այսօր հավանության է արժանացել կառավարության կողմից, բայց այն դեռ պետք է ներկայացվի ԱԺ-ի քննարկմանն ու ընդունմանը:

Խորհրդարանում ընդունվելուց հետո 45 օր անց միայն օրենքը իրավական ուժ կստանա:

Միաժամանակ կառավարությունն այդ ընթացքում նաև մեկ այլ որոշում պետք է ընդունի, որով կսահմանվի արդեն նոր ծառայություններից օգտվելու կարգը:

Երկու իրավակարգավորումները միասին, օրենքի հեղինակների հաշվարկով, կսկսեն գործել արդեն այս տարի ամռանը, եթե որևէ ֆորս մաժոր չլինի: