Օդանավակայանում աշխատող տաքսիստները պետք է ունենան սպիտակ մեքենա և մեծ գումար վճարեն

Օդանավակայանների տարածքում աշխատելու իրավունք ստանալու համար տաքսի ծառայություններ մատուցողները պետք է Ա տիպի լիցենզիա ունենան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Օդանավակայանի տարածքում աշխատելու համար տաքսի ծառայությունները ստիպված կլինեն թանկ վճարել:
Կառավարություն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Տաքսիստների աշխատանք կորցնելը, թե մարդկանց անվտանգությունը. ԱԺ–ում քննարկում են նոր օրենքը

Դրանով նախատեսվում է, որ օդանավակայանների տարածքում աշխատելու իրավունք ստանալու համար տաքսի ծառայություններ մատուցողները պետք է Ա տիպի լիցենզիա ստանան, որի դիմաց պետք է տարեկան 200 000 դրամ պետտուրք վճարեն: Ընդ որում, կարգավորումը վերաբերում է ինչպես տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններին, այնպես էլ անհատ ձեռներեցներին:

Այլ կերպ ասած՝ խոշոր ընկերություններն ու անհատ տաքսիստները ստիպված կլինեն նույն գինը վճարել:

Օրենսդրական նախագծերի փաթեթը նաև նախատեսում է, որ «Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ունեցող» ավտոմեքենաներին:

Խորհրդակցություն վարչապետի մոտ. քննարկվել է տաքսոմոտորային փոխադրումների ոլորտի վիճակը

Կառավարության համոզմամբ` առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի կանոնակարգել օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն անօրինական փոխադրումները:

Իսկ կարգը խախտող ավտոմեքենաների կամ կազմակերպությունների համար նախատեսվել է տուգանք՝ 50 000 դրամի չափով:

Հայաստանում առցանց տաքսիների համար նոր օրենք կընդունվի

Հիշեցնենք՝ հայաստանյան տաքսի ծառայութոյւնների ոլորտը կարգավորելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փաթեթ էր մշակել դեռ 2020 թ-ին: Դրանով նախապես առաջարկվում էր տարեկան 100 000 դրամ պետտուրք: Բայց, փաստորեն, նախագծի վերջնական տարբերակում այդ գումարը կրկնակի ավելացվել է:

Տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ նախագիծը ձեռնտու է միայն օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններին, իսկ անհատ տաքսիստներն ու տաքսի ծառայությունները դրանից տուժելու են:

Օնլայն տաքսի ծառայությունները համոզմունք էին հայտնել, որ ներկայացված կարգավորումների արդյունքում առաջինը հենց օնլայն ծառայությունների շուկան է «մեռնելու»:

Բանն այն է, որ այս ընկերությունների հետ համագործակցող վարորդները դասական իմաստով տաքսու վարորդներ չեն, այլ այդ աշխատանքը կատարում են ազատ ժամերին՝ որպես լրացուցիչ եկամտի աղբյուր:

Արդյունքում շուկայում օնլայն տաքսիները կնվազեն, գները կբարձրանան, պատվիրատուներն էլ կհրաժարվեն դրանց ծառայություններից, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ոլորտի «մահվան»:

Երևանյան տաքսիստների անհավանական թվացող պատմություններն ու «Տաքսի բիզին»