ՀՀ նախագահի քաղաքացիության վերաբերյալ հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. դատախազություն

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ մի խումբ փաստաբանների հաղորդումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նախնական ուսումնասիրության արդյունքում հաղորդումն ուղարկվել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,-նշել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ։ 

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018–ին այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը:

«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին