Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ պաշտպանության նախարարության շենքի հսկողությունը

ՊՆ վարչական համալիրում ներկայում տեղակայված են նախարարության վարչական ողջ ապարատն ու ԳՇ-ն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Կառավարությունն ուժեղացնում է ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի հսկողությունը: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր գործադիրի նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման:

Որոշման համաձայն` նախարարության վարչական համալիրի պահպանությունն այսուհետ կիրականացնեն ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից

Նշենք, որ մինչ օրս նախարարության թե՛ վարչական համալիրի և թե՛ անցագրային ռեժիմի պահպանությունն իրականացվում էր ԶՈւ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով:

«Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների և դրանց ավարտից հետո, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը պատրաստության բարձր աստիճանի բերման արդյունքներով վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով»,- ասված է կառավարության որոշման նախագծում:

Իսկ որպեսզի նոր հաստիքներ չավելացվեն ԶՈւ զորամասի համապատասխան անձնակազմը՝ զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրվում է ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին:

Զինվորական դատախազն այցելել է կենտրոնական հավաքակայան

Հիշեցնենք՝ ՊՆ վարչական համալիրում ներկայում տեղակայված են նախարարության վարչական ողջ ապարատն ու ԳՇ-ն:

Վերջին շրջանում` Արցախյան պատերազմից հետո, շենքի մուտքի մոտ բողոքի ակցիաները հաճախակի են դարձել: