Կառավարությունում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը

ՀՀ և ՌԴ փոխվարչապետների հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Օվերչուկը հայտնել է Ալիևին, որ Արցախի հարցով եռակողմ խմբի աշխատանքում առաջընթաց կա

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի և փորձագիտական խմբերի աշխատանքներին առնչվող հարցերին:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվել էր երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին:

Ստեղծվել են նաև փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային ու համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով՝ ներառյալ անվտանգությունը, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական ու հսկողության այլ տեսակները:

Եռակողմ հայտարարության իրականացման համար համալիր աշխատանք է սպասվում․ Զախարովա