ՀՀ նախագահը հանդիպել է «Զինվորի ծնող» նախաձեռնության անդամներին և խոստացել աջակցել նրանց

Հանդիպման մասնակիցները Արմեն Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Զինվորի ծնող» նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների: Նախաձեռնությունը միավորում է արցախյան պատերազմի մասնակից և դեռևս ծառայության մեջ գտնվող ժամկետային զինծառայողների ծնողների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Վիրավոր զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուն գումար կստանա պետությունից

Հանդիպման մասնակիցները Արմեն Սարգսյանին են ներկայացրել իրենց մտահոգող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են ժամկետային զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությանը, պետության կողմից նրանց նկատմամբ ուշադրությանը, ինչպես նաև իրավական մի շարք հարցերի: Նրանք նշել են, որ ցանկացել են Հանրապետության նախագահին անձամբ տեղեկացնել իրենց խնդիրների մասին` ակնկալելով, որ նախագահն իր հնարավորությունների և իրավասությունների շրջանակում աջակցի դրանց լուծմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել աջակցելու համար:

«Ձեր երեխաները թանկ են բոլորիս համար: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի նրանք դա զգան և հասկանան, որ իրենց արածը գնահատվել ու գնահատվում է պետության կողմից»,- ընդգծել է Սարգսյանը:

Նա առաջարկել է պարբերաբար հանդիպումներ ունենալ ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ, արձանագրել բոլոր խնդիրները՝ հնարավորինս նպաստելու դրանց լուծմանը:

Հիշեցնենք` արցախյան վերջին պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ–ի շենքի դիմաց։

Ծնողները պահանջում են ԶՈւ ղեկավարությունից` իրենց երեխաներին թույլ տալ վերականգնվել պատերազմում վերապրած հոգեբանական ծանր ապրումներից հետո։ Նրանք պնդում են, որ պատերազմին մասնակցած իրենց երեխաներին վաղաժամ զորացրեն։