ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ֆրանսահայ հայտնի քիթ-կոկորդ-ականջաբան Եղիա Կարապետյանը հայաստանցի գործընկերների հետ հինգ օրվա ընթացքում պատերազմի օրերին լսողությունը կորցրած տասներկու զինվորի է վիրահատել: Այս մասին տեղեկանում ենք Էրեբունի ԲԿ-ի Youtube-յան էջում հրապարակված տեսանյութից։
Նշենք, որ վիրահատությունները կատարվում են «էրեբունի» և «Նաիրի» ԲԿ-ներում։ Պատերազմից հետո արդեն տասնյակ նման վիրահատություններ են եղել։
«Պատերազմի ընթացքում զինվորներից շատերը տարբեր զինատեսակների պայթյուններից ականջի թմբկաթաղանթի վնասվածքներ են ստացել, ինչը լսողության մասնակի կամ ամբողջական կորուստ է առաջացրել։ Այս վիրահատությունների ընթացքում մասնագետները փոխպատվաստման միջոցով վերականգնում են թմբկաթաղանթը»,– նշվում է տեսանյութում:
Եղիա Կարապետյանը, երբ լսել է Արցախյան պատերազմի մասին, մեծ ցանկություն է ունեցել իր մասնագիտությամբ օգնել վիրավորներին։
Վիրահատություններից բացի, աշխարհահռչակ բժիշկն ամեն անգամ հայաստանցի գործընկերներին բժշկագիտության վերջին նորություններն է բերում, օգնում տեխնիկական վերազինման հարցում։