Դա բոլորի համար է անընդունելի. Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Պոզների հետ կապված սկանդալը

Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Վլադիմիր Պոզներն ու նրա հյուրերը, ինչպես նաև հաստատության տերերը խախտել են միայն պարետային ժամը: Այլ նորմեր չեն խախտվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստում մեկնաբանել է Թբիլիսիում հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների հետ կապված սկանդալը:

«Վլադիմիր Պոզները չի խախտել «Օկուպացիայի մասին օրենքը»։ Նա հաճախ է ԱՄՆ անձնագրով Վրաստան այցելում, սա մասնավոր բնույթի նրա հերթական այցն էր։ Դրա հետ մեկտեղ նա ու նրա հյուրերը ունեցել են կովիդ-անձնագրեր ու ՊՇՌ-թեստի բացասական պատասխաններ։ Նրանք երկիր են մտել առանց օրենքի խախտման», - ասել է Ղարիբաշվիլին։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

Ինչ վերաբերում է պարետային ժամի խախտումներին ու մայրաքաղաքի հաստատություններից մեկում հյուրերի հավաքին, Ղարիբաշվիլին նշել է, որ դա անընդունելի է բոլորի համար: Համապատասխան գերատեսչությունն արդեն արձագանքել է խախտմանը։ Արդյունքում տուգանվել է ինչպես հաստատությունը, այնպես էլ հանդիսության մասնակիցներից յուրաքանչյուրը։

Նա նաև արձագանքել է քաղաքի կենտրոնում՝ լրագրողի հյուրանոցի դիմաց, անցկացրած բողոքի ակցիային։ Ղարիբաշվիլին նշել է, որ մի խումբ մարդկանց դժգոհությունից օգտվել է «երկրի ամենաապակառուցողական ուժը՝ «Միասնական ազգային շարժումը»» (Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցություն):

Վլադիմիր Պոզները Թբիլիսի է ժամանել մարտի 31-ին, որպեսզի նշի իր ծննդյան օրը. ապրիլի 1-ին լրանում է նրա 87-ամյակը։ Նրա հետ ժամանել են շուրջ 50 ընկերներ ու գործընկերներ: Նա պատրաստվում էր Վրաստանից հեռանալ ապրիլի 3-ին, սակայն բողոքի ակցիաների պատճառով ժամանակից շուտ է լքել երկիրը։

Ընդդիմության անդամները և ակտիվիստներն ակցիա են կազմակերպել` պահանջելով հստակեցնել՝ արդյո՞ք Պոզները, Վրաստան ժամանելով չի խախտել օկուպացիայի մասին օրենքը։ Ցուցարարները նաև անընդունելի են համարել Պոզների կողմից Աբխազիայի վերաբերյալ նախկինում արված մեկնաբանությունները։

Պոզները խոսել է Մանթաշյանի ու Էյվազովի միջև ծագած սկանդալի մասին

Ընդդիմության ակտիվիստներն ու առաջնորդները նախ բողոքի ակցիա են անցկացրել «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ Պոզները ընթրել է հյուրերի հետ։ Ակցիայի մասնակիցներն ի վերջո խափանել են ընթրիքը, նրանք աշխատանքի տեսչությանը հայտնել են, որ Պոզներն ու նրա հյուրերը խախտել են Վրաստանում գործող «պարետային ժամը», ըստ որի երեկոյան 9 -ից հետո ու մինչև առավոտյան 5-ը արգելվում է փողոց դուրս գալ, իսկ ռեստորաններն այդ ժամանակ աշխատելու իրավունք չունեն:

Հյուրերը ոստիկանների ուղեկցությամբ են լքել «Վինոտելը», ցուցարարների ակցիան շարունակվել է Rooms Hotel հյուրանոցի մոտ, որտեղ Պոզները կանգ է առել իր հյուրերի հետ: Ակտիվիստները շենքի վրա ձվեր են նետել։