Բուհերի ընդունելությունն այս տարի կանցկացվի 2 փուլով. դիմորդը կարող է դիմել միայն մեկ տեղ

Նախարարը շեշտեց, որ, ի տարբերություն անցած տարվա, երբ կորոնավիրուսով պայմանավորված որոշվել էր անցկացնել միայն մեկ քննություն, այս տարի դիմորդները կհանձնեն մինչև 2 մրցութային քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Հայաստանյան բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել պատերազմի մասնակիցների ուսման վարձերը

«Առաջին փուլով դիմորդները կընտրեն միայն 1 բուհ և 1  մասնագիտություն՝ վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը: Ի դեպ, բոլոր հայտարարագրումները լինելու են էլեկտրոնային տարբերակով: Եվ կանցկացվի մրցույթ՝ ստացված բալերին համապատասխան, որից հետո կամփոփվեն մրցույթի արդյունքները, կհայտարարվի նաև թափուր մնացած տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների և բուհերի: Երկրորդ փուլում այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որոնք ինքը հանձնել է»,- ասաց Դումանյանը:

Վարչապետ Փաշինյանը հստակեցրեց, որ ընդունելության առաջին փուլից հետո հայտարարվելու է թափուր մնացած տեղերի մասին, որտեղ դիմելու համար դիմորդը դարձյալ պետք է հայտ ներկայացնի:

«Կարող է միանգամից 6 տեղ նշել, բայց իր բալերով կընդունվի, թե չէ, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ բոլոր ցանկացողները կդիմեն ու կհստակեցվի` ինքը գտնվո՞ւմ է բարձր բալեր ունեցողների խմբում ու կարո՞ղ է ընդունվել»,- ասաց Փաշինյանը:

«Ընդդիմադիր ժամանակ այլ բան էիք ասում». նախկին իմքայլականը քննադատեց բուհերի մասին օրենքը

Նախարարը նաև շեշտեց, որ ի տարբերություն անցած տարվա, երբ կորոնավիրուսով պայմանավորված որոշվել էր անցկացնել միայն մեկ քննություն, այս տարի դիմորդները կհանձնեն մինչև 2 մրցութային քննություն:

Հանրապետության բուհերում 2021-22 ուս. տարվա համար հատկացվել են 2918 անվճար և 22 300 վճարովի տեղեր։