«Ալիևի` ՀՀ տարածքների մասին նման հայտարարությունն անթույլատրելի է». Տաթևիկ Հայրապետյան

Իմքայլական պատգամավորը հույս ունի, որ Ալիևի հայտարարությունները համապատասխան արձագանքի կարժանանան միջազգային գործընկերների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահի` ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հավակնությունների վերաբերյալ հայտարարություններն անթույլատրելի են։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

Խախուտ խաղաղություն, կամ ով ինչ շահ է հետապնդում տարածաշրջանային հարթակ ունենալու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ասել էր, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հարցով: Նրա խոսքով` այժմ «ադրբեջանական Զանգեզուրը» խաղալու է թյուրքական աշխարհը միավորելու դեր, քանի որ այնտեղով անցնող տրանսպորտի, կապի, ենթակառուցվածքների նախագծերը կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը:

«Հերթական անգամ Ադրբեջանի նախագահը տարածքային հավակնություններ է ներկայացրել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ։ Ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է խաղաղության մասին, հնարավոր համակեցության մասին, մյուս կողմից, հնչեցնում սադրիչ և անթույլատրելի հայտարարություններ»,–ասաց Հայրապետյանը։

Նա կարևոր է համարում, որպեսզի այս իրավիճակում խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված պատգամավորներն իրենց միջազգային գործընկերներին տեղյակ պահեն Ալիևի հայտարարությունների մասին։ Դրանք, ըստ պատգամավորի, ոչ միայն հակասում են եռակողմ հայտարարությունը, այլ նաև խնդիրներ են ստեղծում տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման համար։

Գերիների հարցում Ադրբեջանն այնքան է ստել, որ խճճվել է իր ստի մեջ. Թաթոյան

Հայրապետյանը նշեց, որ հույս ունի` Ալիևի հայտարարությունները համապատասխան արձագանքի կարժանանան միջազգային գործընկերների կողմից։