Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք. Թուրքիան զգուշացրել է ԱՄՆ-ին

Թուրքիայում լուրեր են տարածվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարի ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում հնարավոր է արտասանի «Ցեղասպանություն» բառը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ապրիլի 24-ին ընդառաջ Անկարան ԱՄՆ-ին իր վերապահումներն է փոխանցել Հայոց ցեղասպանության մասին՝ 4 կետով:

Այս մասին հայտնել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափողը համարվող թուրքական «Sabah» կայքը, տեղեկացնում է Ermenihaber–ը:

Հավանականությունը մեծ է, որ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սաֆրաստյան

Ըստ թուրքական կայքի՝ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը նախորդ շաբաթ հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի 4 վերապահումները:

Քալընի պնդմամբ՝ կատարվածը ցեղասպանություն կոչելու համար իրավական հիմք չկա. դրա համար անհրաժեշտ է դատարանի որոշում, որպիսիք եղել են Ռուանդայի և Սրեբրենիցայի դեպքում:

Երկրորդ կետով Թուրքիան ԱՄՆ–ին հիշեցրել է, որ «ցեղասպանություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1948թ.-ին` ակնարկելով, որ այդ տերմինն ամրագրած ՄԱԿ-ի կոնվենցիան չի կարող հետադարձ ուժ ունենալ:

Էրդողանի խոսնակը շեշտել է, որ ԱՄՆ նախագահի  կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կառաջացնի երկու երկրների հարաբերություններում:

«Sabah»-ը նաև հայտնում է, որ թուրք պաշտոնյան Սալիվանին ակնարկել է, թե Կովկասում նոր կարգ է հաստատվում,  մինչդեռ Հայոց ցեղապանության ճանաչմամբ ԱՄՆ-ը կարող է վնասել Հայաստանի հետ հարաբերություններին:

Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք

«Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք`եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, մենք էլ դարպասները կբացենք: Նման մի ժամանակահատվածում, եթե դուք «ցեղասպանություն» բառը կիրառում եք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»,- կայքի փոխանցմամբ ասել է Էրդողանի մամուլի խոսնակը:

Թուրքիայում նման իրարանցման պատճառն, ըստ թուրքական մամուլի, այն, է, որ Հայոց Ցեղասպանության տարելիցին ընդառաջ այդ երկրում լուրեր են շրջանառվում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է` իր ամենամյա ուղերձում այս տարի արտասանի «Ցեղասպանություն» բառը: