ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Հնարավոր է` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվի։ Տեղեկությունը հայտնում է «Հայկական ժամանակը»։
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայկ Չոբանյանին պաշտոնից ազատելու հարցը։
«Չոբանյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»,–գրել է կայքը։
Չոբանյանը ՏՏ ոլորտում մեծ փորձ ունի: Մասնավորապես 2006-2013 թվականներին եղել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ։
2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը։ 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն։ 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրաժարվել է պաշտոնից։