Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է Շուշի այցելել

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ռամադանի տոնը կնշի Շուշիում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Շուշի այցելել մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ավարտից հետո: Նա իր մտադրության մասին հայտարարել է Թյուրքալեզու պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով։

«Մենք շարունակելու ենք մնալ եղբայրական Ադրբեջանի կողքին՝ մեր թուրքական արժեքները պաշտպանելով Լեռնային Ղարաբաղում։ Կարևոր է, որ տարածաշրջանը ոտքի կանգնի և մեր եղբայրները կարողանան վերադառնալ իրենց հողերը։ Ռամադանի (մայիսի 13) տոնից հետո մենք ցանկանում ենք այցելել Շուշի, որտեղ, հուսով եմ, միասին կնշենք տոնը», - ասել է Էրդողանը ։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ին մեկնարկած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Փաստաթղթի 6-րդ կետում նշված էր. «Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին»։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Խաղաղապահները տեղակայվեցին 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: 

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են