Արցախից Հայաստան զենք-զինամթերք տեղափոխելու 95 քրեական գործերով դատապարտվել է 5 մարդ

Հայտնաբերվել և առգրավվել են «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող օպտիկական սարքերով հրազեններ և այլն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ Գլխավոր դատախազությունն ամփոփել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո Արցախից Հայաստան զենք-զինամթերք տեղափոխելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը:

Ըստ դատախազության պաշտոնական հաղորդագրության` նման դեպքերով 2021թ-ի մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ, որոնցից 14-ով վարույթը կասեցվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու հիմքով, 13 քրեական գործով վարույթը կարճվել է: 5 քրեական գործ ուղարկվել է դատարան: 63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Կոնդի բնակարաններից մեկում հայտնաբերվել են զենք-զինամթերք ու թմրամիջոցներ. տեսանյութ

Դատարան ներկայացված 5 գործերից 4-ով դատավարությունն ավարտվել է: Դրանցով 5 անձ դատապարտվել է՝ 1, 2 և 4 տարի ժամկետներով:

 1 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերում է նախաքննության փոլում գտնվող քրեական գործերին, դրանցով 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ը կալանավորվել են:

Դատախազությունը նաև հայտնում է, որ քրեական գործերով ձեռք բերված նյութերով պարզվել է, որ ապօրինի զենք-զինամթերքը ձեռք է բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված է եղել պատերազմի ընթացքում թշնամու դեմ օգտագործելու համար:

 Մասնավորապես՝ հայտնաբերվել և առգրավվել են «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող  օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված  հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ:

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

Դրանք ՀՀ տարածք են տեղափոխվել հիմնականում ավտոմեքենաներում թաքցված: Զգալի մասը հայտնաբերվել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերի իրավապահների կողմից: