Ադրբեջանը կարող է օգնել անհետ կորածների ընտանիքներին. ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանը խոսել է Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հավանականության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում դժվարացել է պատասխանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին։

«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին

«Զուտ տեսականորեն դա կարող է լինել, բայց ե՞րբ։ Մի քանի տարո՞ւց: Ես չգիտեմ։ Հայաստանի համար այս ամենը չափազանց ցավոտ է, ինչպես ժամանակին ցավոտ էր Ադրբեջանի համար», – ասել է նա։

Ըստ նախագահի` մինչ հարաբերությունների կարգավորման մասին խոսելը պետք է լուծել գերիների հարցը։

«Ադրբեջանում հայ գերիներ կան, Հայաստանում ու Արցախում ադրբեջանցի գերիներ չկան, Ադրբեջանում կան: Այս պահին շատ ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանը վերադարձներ բոլոր ռազմագերիներին՝ ցուցաբերելով որոշակի մարդասիրական վերաբերմունք։ Կա նաև անհետ կորածների խնդիր։ Նրանց հարազատներն ամեն օր ապրում են դժոխքում: Ադրբեջանը կարող է օգնել այս ընտանիքներին՝ տեղեկատվություն տրամադրելով կամ մարմիններ փոխանցելով», – ասել է Սարգսյանը։

Հիշեցնենք` ՀՀ նախագահը РБК-ին ասել էր նաև, որ արցախյան պատերազմը հնարավոր էր կանխել դիվանագիտական հարաբերությունների ու երկկողմ քննարկումների միջոցով։