Խոակին Կապառոսը վստահ է` Ռումինիայի հետ խաղը դժվար է լինելու. ինչպես է նա դա բացատրում

Աշխարհի 2022թ.-ի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը երկու անընդմեջ հաղթանակներից հետո երրորդ խաղում մրցելու է Ռումինայի ընտրանու հետ, որին դեռևս երբեք չի հաղթել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասում է, որ Հայաստանի ու Ռումինիայի հավաքականների խաղաոճում նմանություն կա։ Այս կարծիքը նա հայտնեց այսօր կայացած Հայաստան – Ռումինիա հանդիպման նախախաղային ասուլիսում։ Ասուլիսին մասնակցում էր նաև հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

«Դըմփ-դըմփ-հու»․ ֆուտբոլասերները նշում են Հայաստանի հաղթանակը Իսլանդիայի նկատմամբ

«Ռումինացիները խաղում են մեզ նման լայնակի ու երկար փոխանցումների միջոցով և դա անում են բարձր արագությունների վրա։ Մեզ դժվար խաղ է սպասվում, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները խաղադաշտում շատ լավ հասկանում են, թե ինչ և ինչպես պետք է անել։ Մենք էլ յուրաքանչյուր խաղում հաշվի ենք առնում մրցակցի հնարավորություններն ու խաղային որակը և նախընտրում հենց մրցակցի հետ լավ խաղալու մարտավարություն»,–ասաց  Կապառոսնը։ Նա կարևորեց մեր ֆուտբոլիստների լավ տրամադրվածությունը։

Հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, անդրադառնալով Ռումինիայի հավաքականի հետ վիճակագրության հարցին (1` ոչ ոքի, 4` պարտություն) ասաց, որ չէին հաղթել նաև Իսլանդիայի ընտրանուն։

«Հայաստանի հավաքականը սկսել է մտածել այլ ձևով։ Նոր մարզիչ, նոր մտքեր, նոր մոտեցումներ։ Ահա թե ինչն է փոխվել մեր թիմում։ Ինձ համար տարբերություն չկա, թե ինչ մարտավարությամբ է խաղում թիմը։ Պարզապես յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է կատարի իր պարտականությունները խաղադաշտում։ Ես էլ պետք է հասցնեմ օգնել թիմակիցներիս պաշտպանվելիս»,–  ասեց Բարսեղյանը։

Հայաստան-Ռումինիա հանդիպումը կսպասարկեն լատվիացի մրցավարները

Իսկ այն հարցին, թե նրա համար ինչպիսի հնարավորություն կա եվրոպական առաջատար առաջնություններից մեկում խաղալու, Տիգրան Բարսեղյանը ժպտալով պատասխանեց, թե իրեն Եվրոպա տանելու է Կապառոսը, թող ինքն էլ պատասխանի։

Աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին ու Իսլանդիային հաղթելուց հետո ունի վեց միավոր։ Մարտի 31-ին հաղթանակը Ռումինիայի հավաքականի նկատմամբ մեր թիմին հնարավորություն  կտա առնվազն մինչև այս տարվա սեպտեմբեր կա՛մ գլխավորել, կա՛մ լինել խմբի առաջատարներից մեկը։