Ո՞րն է Հայաստանի գլխավոր առավելությունը. Արմեն Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետը

Սարգսյանի խոսքով` պատերազմում կրած պարտությունից հետո պետք է գնահատել երկրի կարողությունները ու զարգացնել դրանք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Արցախյան պատերազմից հետո առաջին քայլը, որ պետք է անի հայաստանյան հանրությունը` իր սխալները վերլուծելն է։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

«Պետք է հետ նայենք և տեսնենք, թե ինչ սխալներ ենք արել այս 30 տարվա ընթացքում: Ոչ թե որպեսզի ինչ-որ մեկին մատնացույց անենք և մեղադրենք, այլ ուղղակի մեր եզրակացությունը անենք, թե մեր ապագա կյանքում ինչ չի կարելի անել, կամ ինչպես է ճիշտ անել», – ասել է նա։

Արմեն Սարգսյան. «Ո՛չ աջ ենք, ո՛չ ձախ ենք, ո՛չ սև ենք, ո՛չ սպիտակ ենք»

Երկրորդ քայլը հստակ տեսլական ու ծրագիր ունենալն է, որի հիմնաքարը պետք է լինի թերություններն ու առավելությունները գնահատելը:

«Նույնիսկ մեր թշնամին այդ ճանապարհով է անցել: Ղարաբաղյան առաջին պատերազմում խայտառակ  պարտություն կրելուց հետո նրանք կարողացան գնահատել իրենց առավելությունները, որոնք են՝ բնական ռեսուրսները՝ նավթ ու գազ, էներգետիկ խաչմերուկ՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկած նավթի և գազի բնական ճանապարհ են դեպի եվրոպական շուկաներ և հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս երեք գործոնը որպես առավելություն օգտագործելով՝ եկան հասան 26 տարի հետո մեզ համար շատ ցավալի և ողբերգական իրավիճակի», – ասել է Սարգսյանը։

Ըստ նախագահի` Հայաստանի գլխավոր առավելությունը տաղանդավոր մարդիկ են` թե՛ երկրում, թե՛ Սփյուռքում:

Նախագահ Արմեն Սարգսյանը թաքցրել է երկքաղաքացիության փաստը. 53 փաստաբան դիմել են դատախազին

«Պետք է հստակ ծրագիր ունենալ և օգտագործել առավելությունները, որ մարդկային ռեսուրսներն են, ներգրավել մեր հայրենակիցներին, արհեստական խոչընդոտներ, պատեր չդնել նրանց ներգրավելու համար», – ասել է Սարգսյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է նաև երկրում տիրող սոցիալական և հոգեբանական ճգնաժամից, դիվանագիտական հարաբերություններից։