Ուժեղացված ստուգայցեր տարբեր կառույցներում. հակահամաճարակային ո՞ր նորմերը չեն պահպանվում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում գործընկեր տեսչական մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Ընթացիկ տարվա հունվարի 14-ից մինչև մարտի 15-ը ներառյալ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են 8937 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է 1261 խախտում։ Տեղեկությունը հայտնում են տեսչական մարմնից` ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը, թե կորոնավիրուսի տեմպերը հաշվի առնելով` տեսչական մարմինը չի՞ խստացնելու վերահսկողությունը։

«Հիմնականում արձանագրվում են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, ախտահանիչ նյութերի օգտագործման կարգի և դիմակներ չկրելու խախտումներ։ Կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, որոնց հիմքով կիրառվում են տուգանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման բարձր ցուցանիշը` տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է իրականացնում գործընկեր տեսչական մարմինների՝ շուկայի վերահսկողության և քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, կրթության տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների հետ։

Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Մասնավորապես, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործընկերների հետ ստուգայց է իրականացվում փակ տարածքներում՝ առևտրի խոշոր կենտրոններում։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Covid-անվտանգության կանոնների պահպանումը դիտարկում են ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում, դրանց դիսպետչերական կետերում։ Իսկ կրթության տեսչական մարմնի հետ ստուգայցեր է իրականացվում կրթական և նախակրթական հաստատություններում։

Նշվում է նաև, որ տեսչական մարմնի մասնագետները զուգահեռ իրականացնում են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 424–ով և դարձել 190 741։

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում է COVID-ի 7000 նոր դեպք