Տավուշի մարզպետը դատական հայց է ներկայացրել Հրանտ Բագրատյանի դեմ

Հայկ Չոբանյանը պահանջում է, որ դատարանը ՀՀ նախկին վարչապետին պարտավորեցնի ներողություն խնդրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը դատական հայց է ներկայացրել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ: Տեղեկությունը հայտնում է մարզպետի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։

«Մարզպետը պահանջում է դատարանից պարտավորեցնել պարոն Բագրատյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև, որպես պատճառված վնասի հատուցում, վճարել 1 դրամ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` մարտի 26-ին մարզպետը լրագրողներին հայտնել էր, որ դիմել է դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Տավուշի սահմանների վերանայման ու որոշ հողեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրեր տարածողներին: Նրա խոսքով` այդ լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը: Սկբում նա չէր ուզում ասել, թե ում դեմ են հայց ներկայացրել, սակայն լրագրողների հարցապնդումների արդյունքում հաստատեց՝ հայցի մեջ նշված է նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը:

Հիշեցնենք` Բագրատյանը հայտարարել էր, թե ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում` նախկին Բարխուդարլիի մերձակայքում։

Մարզային իշխանությունն ու ՊՆ-ն ավելի ուշ կտրականապես հերքեցին այդ տեղեկությունները։