ՌԱԴԻՈ

Շատ երկրների համար ՀՀ–ն այցելության համար դեռ ոչ բարենպաստ է. ինչ է առաջարկում Ապրեսյանը

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակին, ակնկալիքներին և իրականացվելիք ծրագրերին։
Sputnik
Շատ երկրների համար ՀՀ–ն այցելության համար դեռ ոչ բարենպաստ է. ինչ է առաջարկում Ապրեսյանը

Մեխակ Ապրեսյանի տեղեկացմամբ` 2020 թվականին ունեցել ենք 375 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն և հավանականությունը մեծ է, որ այս տարի կունենանք մեկ միլիոնից ավելի ներգնա զբոսաշրջության ցուցանիշ։ Ըստ նրա` մենք այդուհանդերձ դեռ չենք հասնում 2019 թվականի ցուցանիշին, երբ արձանագրվել է 1 միլիոն 894 հազար ներգնա այցելություն։

«Եթե աշխատենք, ապա 2021 թվականին ակնկալվող ցուցանիշը կլինի իրատեսական։ Նույնիսկ կձգտենք ավելի մեծ ցուցանիշի։ Մենք ներկայացրել ենք առաջարկներ, նախարարությունն էլ իր կողմից ցուցաբերել է պատրաստակամություն` իրականացնելու առաջարկների հետ կապված միջոցառումները, որովհետև հակառակ պարագայում չեմ կարծում, որ հնարավոր կլինի ծրագրերն իրականացնել»,–  նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։  

Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջին երկիրը, որ կվերականգնի զբոսաշրջության ոլորտը

Ապրեսյանի խոսքով` բացի նրանից, որ կան միջոցառումներ, որոնք ունեն համալիր ու երկարատև բնույթ, կան նաև կարճաժամկետ և արագ իրականացման կարիք ունեցող միջոցառումներ։ Օրինակ` շատ արագ պետք է աշխատել այն երկրներում, որոնք մեզ համար նպատակային շուկա են, սակայն դրանցում ցավոք Հայաստանը դեռ գտնվում է այցելության համար ոչ բարենպաստ երկրների ցանկում։ Դա հիմնականում պայմանավորված է կորոնավիրուսով, այնինչ շատ երկրների հետ համեմատած մենք, ըստ Ապրեսյանի, ավելի բարվոք վիճակում ենք։ 

«Մեր առողջապահության նախարարությունն իր խողովակներով պետք է ներկայացնի աշխարհին, որ մեզ մոտ իրավիճակը վերահսկելի է, պետք է ներկայացնի իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ցուցանիշները։ Դրան զուգահեռ անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով աշխատել այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ, որովհետև հիմնականում նրանց կայքերում է հրապարակվում այն երկրների ցանկը, որտեղ խորհուրդ չեն տալիս այցելել»,– նշեց Ապրեսյանը։

Նրա կարծիքով` հայկական սփյուռքի բոլոր գաղթօջախների կապերն ու ներուժը նույնպես պետք է օգտագործել, դրան  գումարած զբոսաշրջության կոմիտեի ու մասնավոր հատվածի ջանքերը։ Ապրեսյանը հիշեցնում է, որ այսօր մեզ մոտ սահմանային անցման դյուրին ռեժիմ է գործում, մարդիկ 72 ժամ վաղեմության թեստով կարող են մուտք գործել Հայաստան, ինչը բավականին հարմարավետ պայմաններ է ստեղծում զբոսաշրջիկների համար։

Ապրեսյանի պնդմամբ` մենք պետք է նաև հիմք ընդունենք շատերի պարագայում պատվաստված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը, ինչը մարդկանց զերծ կպահի հավելյալ թեստավորումից։         

Զբոսաշրջային սեզոնը մոտենում է․ ո՞ր երկրներ կարող են մեկնել հայաստանցիները

Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2020 թ․-ի հունվար-սեպտեմբերին 2019 թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 75,5 տոկոսով: Այս տարի Հայաստան է այցելել 327 735 մարդ։ Ընդ որում՝ 2020թ.- համար մասնագետները զբոսաշրջային հոսքի 14-15% աճ էին կանխատեսում։ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2020 թ․-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջության ոլորտում անկումը կազմել է 72 տոկոս, ճամփորդել է 900 միլիոնով պակաս մարդ, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: