ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում գրառում է արել` անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման աշխատանքներին:
«Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի»,- գրում է Թաթոյանը՝ հավելելով, որ որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել, և, առավել ևս, միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել:
Ինչ վերաբերում է Խորհրդային միության կազմում տեղի ունեցած սահմանագծմանը, ապա այն եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների, այլ մեկ պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Մինչդեռ, ՀՀ պետական սահմանների որոշմանը գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի, դրանք միանգամայն տարբեր երևույթներ են:
Փաշինյանի փրկօղակը. 25-ամյա օրենքից մինչև գաղտնի պայմանագիր ու պարտադրված դեմարկացիա
ՄԻՊ-ը նաև հարցադրում է անում, թե ինչո՞ւ չեն վկայակոչվում 1920-ական թթ. քարտեզները:
Թաթոյանի համոզմամբ` այսօրվա գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզները չեն կարող անտեսվել, քանի որ դա է պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը:
«Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում»,- նշում է Թաթոյանը:
Նրա դիտարկմամբ` պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ:
Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը