ՀՀ առողջապահության նախարարությունն ընդլայնել է «կորոնավիրուսային» հիվանդանոցների թիվը

Եթե այսպես շարունակվի, ապա Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը կրիտիկական կդառնա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik.Հայաստանի առողջապահության նախարարությունը ավելացրել է կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոնների թիվը` հասցնելով 20–ի: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց գերատեսչության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նա նշեց, որ դա կորոնավիրուսով վարակվածներով զբաղվող հիվանդանոցների առավելագույն քանակը չէ. նոյեմբեր-դեկտեմբերին բուժկենտրոնների թիվը հասել էր 29-ի։

«20 բուժկենտրոններից 11-ն ապահովում են COVID-19 հիվանդների բուժումը Երևանում, այդ թվում՝ երկու հաստատություններ՝ «Մուրացանն» ու «Արաբկիրը», սպասարկում են երեխաներին, մնացած 9-ը մարզերում են», - ասաց Խաչատրյանը:

Կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժում են Վանաձորի, Գյումրու բուժկենտրոններում, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, Հրազդանի, Մարտունու, Վեդու, Ապարանի և Կապանի բժշկական կենտրոններում:

Հայաստանում կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

Այս պահին 2171 հիվանդ է հոսպիտալացված, որոնցից 65-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին, ծայրահեղ ծանր վիճակում է 228 մարդ, ծանր վիճակում՝ 913, 150 հոգի հոսպիտալացման են սպասում:

Մարտի 30-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 191 491-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 մարդ (+212), կատարվել է 847475 թեստավորում (+4658), առողջացել են վարակվածներից 172605-ը (+509)։ Գրանցվել է մահվան 3497 դեպք (+21)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 890։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ 2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել։