Գերության մեջ հայտնվածների ազատ արձակման թեման են քննարկել կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանը

Քննարկվել են գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն այսօր` մարտի 30-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Մ․ Թրեյսիին։ Տեղեկությունը հայտնում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը։

4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ գտնվում են ոչնչացման վտանգի տակ. Դումանյան

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակի պայմաններում Հայոց Եկեղեցու իրականացրած ծրագրերին և կրած ազդեցություններին։ Խոսվել է պատերազմի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից ցուցաբերված աջակցության, ինչպես նաև զինծառայողների և Արցախից տեղահանված ընտանիքների հոգևոր խնամքի մասին։ Տեղեկություններ են փոխանցվել առ այսօր շարունակվող սոցիալական աջակցության ծրագրերի, զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքների հետ տարվող հովվական աշխատանքի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ արծարծվել է գերության մեջ հայտնվածների ազատ արձակման և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ Հայոց Եկեղեցու կողմից ձեռնարկվող միջոցների հարցը։

Հանգամանորեն քննարկվել են գրավված և հանձնված տարածքներում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը։