«Եթե Թուրքիայի հետ զարգացումներ լինեն, մենք չենք թաքցնի». Արսեն Թորոսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով` երկրի անվտանգությունը միայն զինված ուժերի պատրաստականությունը չէ, պետք է ավելի բազմակոմպետենտ մտածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց` եթե Հայաստանը հարևան երկրների հետ հարաբերություններում զարգացումներ ունենա, հանրությունը պատշաճ կտեղեկանա այդ մասին։

«Մեր իշխանությունը մշտապես թափանցիկ է եղել, և եթե հարևանների հետ զարգացումներ լինեն, մենք առաջինը հանրությանը կտեղեկացնենք դրա մասին։ Դուք գիտեք, որ այժմ Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահի հետ ոչ հրապարակային հանդիպումներ ու քննարկումներ են լինում, դրանք դինամիկ պրոցես են, և մենք պետք է մեր շահը ամեն տեղ պաշտպանենք», – նշեց նա։

Թորոսյանի խոսքով` երկրի անվտանգությունը միայն զինված ուժերի պատրաստականությունը չէ, պետք է ավելի բազմակոմպետենտ մտածել։

Ու սա ապրիլի 24-ին ընդառաջ․ Հայաստանում վրդովված են Թուրքիայի մասին ԱԽ քարտուղարի խոսքերից

«Հատկապես հաշվի առնելով մեր վերջին զարգացումները, պատերազմի հետևանքները` պետք է քննարկումներ լինեն այլ կոմպոնենտների վերաբերյալ», – ասաց նա։

Նա օրինակ բերեց ԱՄՆ–ի և Չինաստանի հարաբերությունները` թեև նրանք տնտեսական ուժեղ կապեր ունեն, բայց ԱՄՆ–ն իր ռազմական դոկտրինում Չինաստանին սպառնալիք է համարում։ Թորոսյանի խոսքով` Հայաստանի համար էլ կարող է վտանգի աղբյուրը չփոխվել, բայց փոխշահավետ զարգացումներ լինեն։

Հիշեցնենք` օրերս Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարցրել էր` Հայաստանը Թուրքիային թշնամական պետություն համարում է, թե ոչ, ԱԽ քարտուղարը պատասխանել էր. «Մենք պետք է շտկումներ մտցնենք մեր մոտեցումներում»: Նրա հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել հասարակության շրջանում։