Ձու արտադրող ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել

Վարույթը հարուցվել է գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և /կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը։

«Ոսկե ձու». ինչո՞ւ է այն օրեցօր թանկանում ու ի՞նչ կապ ունեն առաքիչները

Նշվում է, որ վարույթ է հարուցվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և/կամ հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Ի դեպ, վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Արաքս թռչնաֆաբրիկայի» կողմից օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ։

ՏՄՊՊՀ–ն հայտնում է նաև, որ մարտի 16-25-ն ընկած ժամանակահատվածում խոշոր առևտրային կենտրոններում ձվի պակասուրդ է եղել, իսկ երբ առկա է եղել, այն վաճառվել է 74-91 դրամով։

Ձուն թանկանում է. Պիպոյանն արտադրողներին տուգանելուց բացի «պատժելու» այլ տարբերակ էլ գիտի

Հիշեցնենք` վերջին օրերին ձվի շուկայում գնաճ էր արձանագրվել` 60-70 դրամով այլևս ձու գտնել չէիր կարող` ձվի գինը հասել էր 100-120 դրամի։

Մարտի 29-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով շուկայում ձվի դեֆիցիտին ու թանկացումներին, ասել էր, որ թռչնաֆաբրիկաները խոստացել են Զատիկի համար բավարար քանակությամբ ձվեր արտադրել։ Նրա խոսքով` մինչև Զատիկ գնանկում կլինի։

Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ` ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար:

Նախորդ տարվա ձվի թանկացման տուգանքը դեռ չվճարած` արտադրողները նոր «խաղեր» են սկսել