«Դեռ պետք է ստորագրեմ». Արմեն Սարգսյանը` ընտրությունների լինել–չլինելու մասին

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ ընտրությունների օրվա վերաբերյալ վերջնական որոշումը ինքը դեռ պետք է ստորագրի։ Չի բացառվում` ուղարկի Սահմանադրական դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում բավականին «հստակ» պատասխան է տվել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին:

«Այս պատերազմից կարելի էր խուսափել...». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լրագրողը նախագահին փորձել է հարց տալ. «Հայաստանում հունիսի 20-ին պետք է խորհրդարանական ընտրություններ անցկացվեն...»։ ՀՀ նախագահը չի թողել, որ նա ավարտի հարցը, և կարճ ասել է. «Միգուցե»։ Հետո պարզաբանել է, որ հնարավոր է` ընտրությունները լինեն այլ օր կամ չլինեն։

«Դեռ պետք է որոշակի գործընթաց լինի խորհրդարանում՝ վարչապետի հրաժարականը լինի, հետո այդ ամենը պետք է անցնի իմ սեղանով։ Այդ ժամանակ էլ նոր կորոշվի օրը», - ասել է ՀՀ նախագահը։

Սարգսյանը պարզաբանել է, որ ընտրությունների օր նշանակելու մասին որոշումը դեռ պետք է ստորագրի երկրի նախագահը, իսկ ինքը դեռ ոչինչ չի ստորագրել։

«Ես հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չեմ ստորագրել։ Ու գուցե չստորագրեմ, այլ որոշումը ուղարկեմ Սահմանադրական դատարան», - նշել է նա:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 20-ին։