ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ արցախյան վերջից պատերազմից կարելի էր խուսափել:
«Շատ բարդ է ասել, ինչ կլիներ` եթե այսինչ բանը լիներ։ Բայց ինձ թվում է՝ հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես 30 տարի զբաղվել եմ դիվանագիտությամբ, հանդիպել եմ տարբեր երկրների ղեկավարների հետ ու կարծում եմ` որ միշտ հնարավոր է այդպիսի խնդիրների լուծման ուղիներ գտնել առանց ռազմական գործողությունների», – ասել է նախագահը։
Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծում էր անհրաժեշտ հաղորդակցման, երկխոսության մեխանիզմները: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում մարդիկ հավատում էին, որ պատերազմն արդեն ավարտված է, հարցն արդեն լուծված էր:
«Իսկ այն հեռու էր լուծում ստանալուց: Մանավանդ Ադրբեջանն անընդհատ խոսում էր ապագա պատերազմի մասին: Պետք էր որոշակի քայլեր ձեռնարկել Ղարաբաղի պաշտպանունակությունը ամրապնդելու, ավելի ժամանակակից ռազմական ենթակառուցվածք ստեղծելու, ինչպես նաև Ղարաբաղը տնտեսապես ավելի արդյունավետ դարձնելու համար», – ասել է նա։
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն ինքը դեռ փնտրտուքների մեջ է` խորհրդարանական լինի, թե նախագահական, դեմոկրատական լինի, թե ոչ։ Հայաստանի բնակչության մեծ մասն անգամ չի կողմնորոշվել` որ ուժին է քվեարկելու առաջիկա ընտրություններում։ Ըստ Սարգսյանի` այդ խառնված վիճակը միայն խանգարել է մեզ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ին մեկնարկած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Խաղաղապահները տեղակայվեցին 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են