Ադրբեջանը մտածված խաթարում է տարածաշրջանի կայունությունը. Արցախի ԱԳՆ–ն` միջադեպերի մասին

Նշվում է, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքները վկայում են, որ Բաքուն չի վերահսկում Արցախի օկուպացված տարածքներում գտնվող ադրբեջանական զորամիավորումներին, կամ Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված և նպատակաուղղված կերպով խաթարում են տարածաշրջանի կայունությունը և Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությունը։

Մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել. մանրամասներ` դեպի Գորիս ճանապարհի միջադեպից

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության վերականգնման դեմ ուղղված ադրբեջանական 2 սադրանքներին։

Հիշեցվում է, որ 2021 թ. մարտի 25-ին և 29-ին ադրբեջանական կողմը քարկոծել է Կարմիր Շուկա - Ստեփանակերտ և Ստեփանակերտ - Գորիս ճանապարհներով ընթացող քաղաքացիական ավտոմեքենաները։

«Ընդ որում, երկրորդ դեպքում հարձակման է ենթարկվել Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ռազմական ագրեսիայի ընթացքում զոհվածների մասունքները տեղափոխող ավտոմեքենան։

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այդ միջադեպերը նաև հետևանք են Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանական զորամիավորումների և Ադրբեջանի ու Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումների ապօրինի ներկայության»,–ասված է հաղորդագրության մեջ։

Մեքենան վնասվելուց հետո անգամ չի կանգնել. մանրամասներ` դեպի Գորիս ճանապարհի միջադեպից

Արցախի ԱԳՆ–ից նշում են, որ նման կարգի սադրիչ գործողությունները պետք է կանխվեն ամենավճռական ձևով, իսկ կազմակերպիչներն ու մասնակիցները՝ կրեն համապատասխան պատիժ։ Անպատժելիությունն ու անգործությունը հղի են անկանխատեսելի հետևանքներով տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։