ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին գործուղում է Սյունիքի մարզ. տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից։
«Վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Սյունիքի մարզ (Սիսիան, Գորիս, Մեղրի և Կապան)»,–նշված է որոշման մեջ։
Բացի այս, նշվում է նաև, որ գործուղումից վերադառնալուց հետո Ուլիխանյանը պետք է եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրանից հետո սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հստակեցման գործընթացը, ինչը խիստ դժգոհություն առաջացրեց Սյունիքի սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների շրջանում։ Այնտեղ բողոքի ակցիաներ սկսվեցին, քաղաքացիները փակեցին ճանապարհները՝ պահանջելով լուծել սահմանների հարցն ու իրենց իրավունքներից, տներից և անվտանգությունից զրկող ապօրինի սահմանազատման խնդիրը։
Հատկապես սրվել էր իրավիճակը Կապան-Գորիս ճանապարհահատվածի, ինչպես նաև մի քանի գյուղերի՝ Ճակատենի Դավիթ Բեկի, Որոտանի և Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի պատճառով։
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ քննարկել է Սյունիքի անվտանգության հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկում է Սյունիքում անվտանգության գոտի ստեղծել։ Նա իր առաջարկությունը ներկայացրել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ մարտի 17-ին կայացած հանդիպման ժամանակ։