Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել նրա հանդեպ քրեական հետապնդումը

Փաստաբան Ալումյանի խոսքով ՝ տրամաբանական կլիներ, որ մեղադրող կողմը հենց հիմա հայտարարեր Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան ՝ պահանջելով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Տրամաբանական կլիներ, որ մեղադրող կողմը հենց այսօր  հայտարարեր, որ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը կարճվում է՝ հաշվի առնելով ՍԴ-ի որոշումը։ Սակայն նրանք դա չեն անի։ Մենք ինքներս միջնորդություն ենք ներկայացրել դատարան, որպեսզի մեր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումն անհապաղ դադարեցվի», - ասաց փաստաբանը։

Հիշեցնենք` մարտի 26-ին ՍԴ-ն որոշեց, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին և անվավեր ճանաչեց այն։ ՍԴ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն վերջնական է։

ՀՀ երկրորդ նախագահն անցնում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով:

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։

Այս գործի ավարտը լինելու է Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդման դադարեցումը. Վարդևանյան

Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում։

Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովը հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հավելենք, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը 2008-ի մարտի 1-ին չկար։ Այն որպես լրացում ավելացվել է 2009-ի մարտին։

Քոչարյանը 537 օր ապօրինի զրկված է եղել ազատությունից. 2-րդ նախագահի գրասենյակի արձագանքը