Ռոբերտ Քոչարյանին վերագրված հոդվածը ուժը կորցրեց. ՍԴ-ն հրապարակել է որոշումը

Սահմանադրական դատարանի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանն անհամապատասխանության մասին ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշման տեքստը: Այդ հոդվածով, հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում էր Սահմանադրական կարգի տապալման համար:

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին որոշում էր կայացրել, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել էր Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվում է. փաստաբան

Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: 42 էջանոց տեքստն այսօր արդեն հրապարակվել է ՀՀ ՍԴ պաշտոնական կայքում:

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները  դիմել էին Սահմանադրական դատարան ՝ խնդրելով պարզել նրան առաջադրված մեղադրանքների օրինականությունը:

Իսկ արդեն ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ նախկին նախագահի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի և դատարանից պահանջեցին դադարեցնել նրա քրեական հետապնդումը:

Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

2018-ի հուլիսի 26-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Քոչարյանը գործը համարում է շինծու և պնդում է, որ դրանով իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Գործում ներգրավված են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: