ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԳ նախարարից հետաքրքվեց, թե ի՞նչ տարածքներով է լինելու Արցախի ինքնորոշումը։
«Դուք հայտարարում եք, որ Արցախի հարցի կարգավորումն ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա պետք է լինի։ Կուզեի իմանալ` ի՞նչ սահմանների մասին է խոսքը, քանի որ ԱԺ–ում մենք էլ մի փաստաթուղթ ենք շրջանառության մեջ դնելու, որ ավելի հստակ լինի տարածքների հարցը»,–ասաց Թովմասյանը։
Ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշեց, որ տարածքի վերաբերյալ սահմանումը պետք է փոխադարձաբար հստակեցվի Արցախի գործընկերների հետ։
«Սակայն այս պահին պետք է հստակ նշել` Արցախի հարցի կարգավորումը պետք է լինի այն տարածքների շրջանակում, որտեղ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է»,–ասաց Այվազյանը։
Թագուհի Թովմասյանն էլ արձագանքեց, որ ԱԺ–ում շրջանառության մեջ դրվելիք նախագծով էլ Արցախի անկախության հռչակագրում ամրագրված սահմաններն են լինելու։
Արա Այվազյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա
Նշենք, որ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի` խոսքը ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի մասին է։