Սեպտեմբերի 27-ը Աթոյանների ընտանիքում տոնական օր էր։ Այդ օրը ծնվել է Սամվել Աթոյանի կինը` Լիլիան։ 2020 թվականին էլ ընտանիքը պատրաստվում էր սիրելի մայրիկի ծննդին, ու մինչ կեսօր անգամ հեռուստացույց չէին միացրել։ Բայց կեսօրից հետո դուստրերից մեկը եկավ խանութից ու հայտնեց. «Մեծ պատերազմ է սկսվել»։ Սամվելը վճռեց` ծնունդը կնշեն, այնուհետ կմեկնի ճակատ։ Կնոջ համար նվեր էր պատրաստել` բաժակներ, որոնցից կոմպոտ ենք հյուրասիրվում իրենց տանը։
Օրեր անց` հոկտեմբերի 4-ին, հեռախոսի միջից հնչող կանացի խիստ ձայնը հորդորեց շտապ ներկայանալ զինկոմիսարիատ։ Սամվելը չառարկեց, հակառակը՝ կնոջը համոզեց, որ անհանգստանալու կարիք չկա, ու հաղթանակը իր ճակատ մեկնելուց շուտ է լինելու։ Քիչ ուշ տեղեկացրեց, որ չի գա տուն` գնում է զորավարժության, ապա՝ ճակատ։ Ընտանիքը չհասցրեց հրաժեշտ տալ նրան, սակայն գնալուց առաջ նա զանգեց ու հորդորեց երեխաներին խելոք մնալ, լսել մայրիկին, կնոջն էլ խնդրեց իրեն լավ նայել ու հետևել, որ երեխաները լավ սովորեն։
«Գնալու օրը սովորականից շատ քնեց, արթնանալուց հետո սկսեց փոխել ծաղիկների հողը` տնային ծաղիկներ շատ էր սիրում»,– հիշում է կինը ու լուռ արտասվում։
Երկու օր անց Սամվելը մեկնեց Հադրութ, զոհվեց արդեն Ջրականում։
Ընտանիքը շատ քիչ բան գիտի նրա մարտական ուղուց, քանզի նրա ընկերները նույնպես զոհվել են։ Շատ են ուզում, որ գոնե մեկը փրկված լինի ու պատմի նրա մասին։ Լիլիան վստահ է, որ ամուսինն անգամ մարտի դաշտում պահպանել է իր հումորի զգացումը ու բազում կատակներ արել։ Ընտանիքի անդամները սկսում են հիշել նրա կատակները, ու բոլորս սկսում ենք ծիծաղել։
«Սամվելը շատ հոգատար էր։ Վերջին օրը` հոկտեմբերի 9-ին, երկու անգամ զանգեց։ Հարցնում էր՝ կողքս մա՞րդ կա, ասացի՝ չէ, բայց նա չասաց այն, ինչ ուզում էր ասել։ Երևի գուշակում էր, որ կզոհվի։ Ասաց, որ դիրքեր է բարձրանում ու մի քանի օր կապի դուրս չի գա»,- հիշում է Լիլիան։
Նա այլևս չզանգեց։
Օրեր անց հարևաններից մեկը տեսել էր նրան զոհվածների մեջ ու հայտնել ավագ եղբորը` Մանվելին։ Թե ինչպես Լիլիան իմացավ, որ ամուսինը զոհվել է, չի կարողանում հիշել, վերջին հիշողությունը տեգրակնոջ բառերն են, որ Սամվելը լուրջ վիրավորում է ստացել։ Լիլիայի համար դժվար է ինչ–որ բանի մասին մտածել, անգամ ընտանիքի ապագայի հետ կապված ոչինչ չի վճռել, չի կարողանում ուժ գտնել ու վերականգնվել կորստի ցավից։
«Բոլորիս համար է դժվար։ Դուստրերս` Լիլիթն ու Վարդուհին, առանց հոր չեն պատկերացնում ապագան, տղաս` Սարոն, ավելի քիչ է խոսում։ Նա ամեն օր հետս գալիս է գերեզմանոց ու օգնում բոլոր գործերը անել։ Հիմա մեկ օրով ենք ապրում»,- նշում է նա, դադար տալիս ու նորից կիսաձայն շարունակում խոսել։
Լիլիան կարծում է, որ ամենադժվարը, այնուամենայնիվ, Սամվելի ավագ եղբոր` Մանվելի համար է։ Նրանք շատ երիտասարդ տարիքում կորցրել էին իրենց ծնողներին ու իրար թև ու թիկունք լինելով՝ ոտքի են կանգնել։
Ամուսնանալուց հետո էլ մի ընտանիքի պես էին ապրում, միմյանց երեխաների մասին հոգ տանում, տոները միասին նշում ու սովորեցնում, որ ամենակարևորն են իրար կյանքում։
«Ամանորի գիշերը մեզ հետ նշելուց հետո երկու եղբայրով գնում էին գերեզմանոց` իրենց ծնողների մոտ։ Այս տարի գնացինք ես ու Մանվելը»,– ասում է Լիլիան, ու բոլորս սկսում ենք արտասվել։
Երկու եղբոր երեխաներն էլ սենյակում են։ Նրանք միմյանց հերթ չտալով պատմում են Սամվելի մասին։ Բոլորի պատմածներում երկու հատկանիշ է նշվում` խիստ և հոգատար։ Ասում են՝ տանը «գժանոց» էր. ամբողջ օրը 5 աղջիկ, 2 տղա երեխաների աղմուկ, բայց երբ Սամվելը գալիս էր՝ բոլորը զգաստանում էին ու սկսում դասերը սովորել։
Դրան զուգահեռ նա շատ ջերմ էր ու փորձում էր ընկերանալ երեխաներից յուրաքանչյուրի հետ ու օգնել գտնել իրենց հարցերի պատասխանները։
Եղբոր դուստրը` Ամալյան, հիշում է, որ ընտանեկան հավաքույթներին նա ստիպում էր երեխաներին հերթով կենացներ ասել ու մաղթանքներ հղել միմյանց։ Նաև սիրում էր եղբոր ընտանիքի հետ ճամփորդել Հայաստանում, շատ էր կարևորում հայրենաճանաչությունը։ Միշտ սովորեցնում էր՝ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, անգամ՝ կյանքը։
Ինչն էլ ապացուցեց սեփական օրինակով։