ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik.Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը որսի գործընթացը հնարավորինս վերահսկելու համար նախատեսում է պետական կազմակերպություն ստեղծել ձկնորսների ներառմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
«Ձկնորսները կկարողանան ստանալ աշխատավարձ, ունենալ կայուն աշխատանք և եկամուտ, որսն էլ ըստ այդմ ավելի համակարգված կլինի։ Ծրագիրը նախատեսում ենք մոտ ապագայում` այս տարվա սեպտեմբերից հետո», – ասաց Գրիգորյանը։
Նա տեղեկացրեց, որ այս տարի կրճատվել է Սևանա լճում սիգի որսի թույլատրելի քանակը։
«2020-ին առավելագույն չափաքանակը 300 տոննան էր, կնքվել էր 55 պայմանագիր 236 տոննա որսի պաշարով, բայց փաստացի 204 տոննա սիգի որս է եղել։ Ամփոփելով 2020-ի տվյլաները, նախարարությունը որոշել է այս տարվա չափաքանակը սահմանել 250 տոննա», – ասաց պաշտոնյան։
Սիգի որսն ու ձախողված պիլոտային ծրագիրը. նախարարությունն ինքն է խախտել ժամանակացույցը
Ձկնորսության համար գործելու են նույն 2020 թվականի պահանջները, ավելացել է միայն ժամային գրաֆիկը։ Այսինքն` ձկնորսներին թույլատրվելու է ձուկ որսալ միայն հատուկ ելք ու մուտքով 15 տեղամասերից, որսը պետք է իրականացվի ափից 500 մետր հեռավորության վրա և 40 մմ–ից ոչ բարակ ցանցով` մանրաձկան որսը բացառելու համար, որսացած ձուկը պետք է լինի առնվազն 400 գ քաշով։
Նշենք, որ 2019 թվականին իրականացված ձկնային պաշարների գնահատման արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում առկա է մոտ 2600 տոննա սիգ, որոնցից սեռական հասունության փուլում է մոտ 600 տոննան: Ելնելով դրանից՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտը խորհուրդ է տվել տարեկան մոտ 200 տոննա սահմանել որսը։
Վտանգավոր «զբաղմունք»․ Սևանի սիգը հայտնվել է Վրաստանի շուկայում