Ատելությունը հայերի նկատմամբ Ադրբեջանում ու Թուրքիայում նոր դրսևորումներ է ստանում. ՄԻՊ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2 օր առաջ Հանրայինի եթերում հայտարարել էր, որ պետք է շտկել այն մոտեցումը, թե Թուրքիան թշնամի պետություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Ադրբեջանի նախագահը, այդ երկրի իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա մի քանի օրինակ է ներկայացրել։

Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ:

Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը` դեկտեմբերի 10-ը, ըստ նրա, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր:

ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից:

Արցախում պատերազմական վիճակը չի դադարել. ՀՀ ՄԻՊ-ը դիմել է արցախցի իր պաշտոնակցին

«Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու, հայ ժողովրդի կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ»,-նշված է ՄԻՊ գրառման մեջ:

Արման Թաթոյանը նաև լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այն պատերազմի ընթացքում հատուկ պատրաստվել ու լայնորեն տարածվում էր ադրբեջանական և թուրքական սոցիալական ցանցերում` լայնորեն խրախուսելով ադրբեջանական վայրագությունները:

Հավելենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2 օր առաջ Հանրայինի եթերում հայտարարել էր, որ պետք է շտկել այն մոտեցումը, թե Թուրքիան թշնամի պետություն է։ ԱԽ քարտուղարի այդ հայտարարությունը բացասական լայն արձագանք գտավ Հայաստանում։