Արա Այվազյանը մեկնաբանել է ԱԽ քարտուղարի սկանդալային հայտարարությունը

ԱԳՆ-ն տեղյակ չէ որևէ ձևաչափի մասին, որում կարող են Թուրքիայի հետ խորհրդակցություններ անցկացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik.Հայաստանի ԱԳՆ-ում տեղյակ չեն Թուրքիայի հետ ինչ-որ քննարկումների, խորհրդակցությունների մասին ։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց արտգործնախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին։

Արա Այվազյանն ապրիլի 1-ին կմեկնի Մոսկվա

Նա պարզաբանեց, որ տեղյակ է վերջին հայտարարություններին (Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի), բայց հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը հնչեցնում են վարչապետն ու արտգործնախարարը:

Միևնույն ժամանակ Այվազյանն ընդգծեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը բոլորից լավ է գիտակցում խաղաղության գինը: Անկախությունից ի վեր Հայաստանը հանդես է եկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տարբեր նախաձեռնություններով։ Վերջին գործընթացը` «ֆուտբոլային դիվանագիտությունը», տապալեց Թուրքիան։

Ցանկացած հարաբերություններում ամենագլխավոր գործոնը փոխադարձության սկզբունքն է։ Հայաստանի քայլերը պատշաճ արձագանք չեն գտել Թուրքիայում, ավելին ՝ դարավոր ատելությունն ու հայատյացությունը ոչ միայն պահպանվել են, այլև հերթական անգամ դրսևորվեցին անցած տարի Արցախում։

«Մենք, անշուշտ, հասկանում ենք, թե ինչ հեռանկարներ կարող է բացել երկարաժամկետ խաղաղությունը։ Բայց որպեսզի տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի, մենք Թուրքիայից ակնկալում ենք Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության արմատական վերանայում և թշնամական գործողությունների դադարեցում», - հավելեց Այվազյանը։

Աբովյանի այն դիտարկմանը, թե Թուրքիան չի պատրաստվում փոխել իր արտաքին քաղաքականության պարադիգմը, նախարարը նկատեց. «Պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ երկար ժամանակ ծանր ողբերգական անցյալ ունեցող երկրներն, ի վերջո, գտել են քաղաքական կամք և հասկացել են բարիդրացիական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտությունը»։

Ավելի վաղ Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանը Արմեն Գրիգորյանին հարցրել էր` Հայաստանը Թուրքիային թշնամական պետություն համարում է, թե ոչ, ԱԽ քարտուղարը պատասխանել էր. «Մենք պետք է շտկումներ մտցնենք մեր մոտեցումներում»: Նրա հայտարարությունը մեծ արձագանք էր ստացել հասարակության շրջանում։