ԵՐԵՎԱՆ, 28 մարտի, Sputnik - Խաչիկ Չախոյան․ Հայաստան – Իսլանդիա խաղից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղյա մամլո ասուլիսի ընթացքում պատասխանել է մի քանի հարցերի։
Իսպանացի մասնագետն ընդգծեց, որ ընդունում է, որ Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը դարձան գեղեցիկ գոլի հեղինակ․ «Ես չեմ սիրում առանձնացնել այս կամ այն ֆուտբոլիստին։ Այո, Տիգրանն ու Խորենը լավ խաղացին, բայց լավ խաղացին նաև Տարոն Ոսկանյանը, Կամո Հովհաննիսյանը, Արտակ Գրիգորյանը, մյուսները, բոլորը անխտիր։ Չի կարող մի ֆուտբոլիստ լավ խաղալ, եթե խաղընկերը վատ է խաղում։ Ֆուտբոլը թիմային խաղ է, ու մենք հաղթեցինք թիմով, երկրպագուների հետ միասին»- նշել է Կապառոսը։
Խոսելով մեկնարկային կազմում տեղի ունեցած փոփոխությունների և խաղի ընթացքում իր կողմից կատարված փոխարինումների մասին՝ Կապառոսը նշել է, որ արել է այն, ինչը նպատակահարմար է գտել խաղի համար։ Իսկ խաղի ընթացքին անդրադառնալով իսպանացին ասել է․ «Առաջին կեսի միջնամասում մեր թիմը սկսեց ավելի շատ տիրել գնդակին։ Մենք չէինք պլանավորել խաղի նման ընթացք։ Ուղղակի երկրորդ խաղակեսում մեր մոտ ստացվեց ավելին, մենք օգտագործեցինք ազատ տարածությունները, ու հասանք մեր նպատակին»։
Իսլանդիան ցնցված է, Հայաստանը ցնծում է. փայլուն հաղթանակ
Հայաստանի հավաքականը ընտրական մրցաշարում իր հերթական հանդիպումը անցկացնելու է մարտի 31-ին։ Մեր թիմը հյուրընկալելու է Ռումինիայի ընտրանուն։