Իշխանությունները կարող են խաբել և ընտրություններ չնշանակել. Իշխան Սաղաթելյան

Սաղաթելյանի խոսքով՝ Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Իշխանությունները կարող են խաբել և ընտրություններ չնշանակել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Ապրիլին ես հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան

«Վարչապետի աթոռն զբաղեցնող անձը մեկ խոսել է ընտրությունների մասին, մեկ հայտարարել է՝ ընտրությունների ժողովրդական պահանջ չկա, հետևաբար` այդ մարդու որևէ խոսքին չենք վստահում ու մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընտրությունները նշանակելը Շարժման պահանջներից է, որ ինչ-որ չափով բավարարվել է, բայց մենք դա չենք դիտարկում որպես հաղթանակ»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի։ Առաջին փուլում լինելու են մարզային այցեր, անհնազանդության ակցիաներ, երկրորդում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջն է, որը լինի ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո։ Երրորդը ընտրություններն են։

«Շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ թույլ չտանք Նիկոլի վերարտադրություն: Քաղաքական ուժերը չպետք է դիտարկեն սա որպես սովորական ընտրություն, այլ դիտարկեն որպես դավաճանին հեռացնելու ծրագիր»,-ասաց նա։

Ակցիաները կշարունակենք, ընտրության մասին վարչապետի գրառումը հավատ չի ներշնչում. Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի  9-ի եռակողմ հայտարարությունից հետո, գլխավոր պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Փետրվարի 25-ից մարտի 23-ը ՀՓՇ-ն փակ էր պահում Բաղրամյան փողոցը, հիմա փակ է պահում Դեմիրճյանը։