Ինչպես գոլ խփել Իսլանդիային․ հայ ձախլիկ ռմբարկուի աջ ոտքի գաղտնիքը

Երևանում այսօր ժամը 20:00-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհանդիպի Իսլանդիայի հավաքականի հետ։  Խաղն անցկացվում է 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում։
Sputnik

Երևանի «Հանրապետական» մարզադաշտի ձյունածածկ խաղադաշտում թիմերի երեկվա նախախաղային մարզման լուսանկարներն ավելի շատ հիշեցրին հյուսիսային Իսլանդիայի բնապատկերները, քան արևոտ Հայաստանը: Սակայն կիրակի օրը Երևանում եղանակը պարզվեց, և երկրպագուների մոտ հույս առաջացավ, որ մարզադաշտում թեժ կլինի ոչ միայն կլիմայի, այլև խաղի առումով:

Ձյունը քաղաքում հալվել է, օդի ջերմաստիճանը բարձրանում է, ինչը նշանակում է, որ չնայած դաշտը խոնավ կլինի, բայց արդեն ոչ այնքան  սայթաքուն, որպեսզի հայ ֆուտբոլիստները չկարողանան օգտագործել իրենց հաղթաթուղթը՝ կարճ փոխանցումներ և դրիբլինգ՝ մոտ տարածության վրա:

Ինչպես գոլ խփել Իսլանդիային․ հայ ձախլիկ ռմբարկուի աջ ոտքի գաղտնիքը

Եթե մի կողմ թողնենք հանդիպման մրցաշարային կարևորությունը (երկրորդ անընդմեջ հաղթանակը մեզ համար լավ մեկնարկային ցատկահարթակ կլինի) և ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, ապա այստեղ հնարավոր է տեսնել հայ-իսլանդական դիմակայության պատմության առեղծվածային կողմը: Թիմերը հանդիպել են երեք անգամ: Երկու անգամ պաշտոնական խաղերում (1998 և 1999 թվականներին), մրցելով Եվրո 2000-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար, և մեկ անգամ էլ ընկերական խաղում (2008 թ.): Իսլանդացիները երկու հաղթանակ տարան միանման 2:0 հաշվով, և մեկ անգամ էլ Երևանից հեռացան զրոյական ոչ-ոքի հաշվով: Ստացվում է, որ մեր խաղացողները չկարողացան նույնիսկ 1 գոլ խփել:

Երվանդ Սուքիասյանն ու Արմեն Շահգելդյանը դժվարին մրցակցությունում հաղթանակի հույս ունեն

Առաջին և վերջին հայ ֆուտբոլիստը, ով կարողացել է իսլանդացիների տրամադրությոնը փչացնել, մինչ օրս մնում է մեր լեգենդար Խորեն Հովհաննիսյանը: Նա ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում հաշիվը բացեց իր գոլերով հենց Իսլանդիայի հետ խաղում ՝ գոլի հեղինակ դառնալով յուրաքանչյուր խաղակեսում: Այստեղ ևս որոշակի առեղծվածի տարր կա: Երկու գոլերն էլ նա խփեց ոչ իր, այսպես ասած, գործող ռմբարկուի ոտքով: Ահա թե ինչպես է նա այդ պատմությունը նկարագրել ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

–Հավաքականի կազմում առաջին գոլը ո՞րն է եղել։

–Եթե չեմ սխալվում՝ Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնության ընկերական խաղն էր իսլանդացիենրի հետ։ Այո, հաստատ, 1980 թվականի հոկտեմբերն էր։ Մոսկվայում էինք խաղում, «Լուժնիկի» մարզադաշտում, ջարդեցինք նրանց 5:0 հաշվով։ Երկու գոլ խփեցի, ընդ որում՝ երկուսն էլ աջ ոտքով, թեև բոլորին հայտնի է, որ ես ձախլիկ եմ։

Առեղծվածի մասին հիշատակումն, իհարկե, հեգնանք էր։ Չէ՞ որ Հայաստանի հավաքականը գոլ է խփել այնպիսի հսկաների, ինչպես Ֆրանսիան և Գերմանիան են։ Սակայն եթե այսօր էլ մերոնք չկարողանան «բացել» հակառակորդի դարպասը, «իսլանդական անեծքի»  մասին զրույցները կատակ չեն թվա։ Դե իսկ մինչ այդ պետք է հիշել, թե ինչպես է դա արել Խորեն Հովհաննիսյանն ավելի քան 40 տարի առաջ, միաժամանակ հիշելով ԽՍՀՄ հավաքականի կազմում նրա հեղինակած մյուս գոլերը։