Նախորդ տարվա ձվի թանկացման տուգանքը դեռ չվճարած` արտադրողները նոր «խաղեր» են սկսել

Իրենց նախորդ տարվա արարքի դիմաց դեռ չվճարած խոշոր արտադրողները Հայաստանի ձվի շուկայում այսօր նոր իրարանցում են առաջացրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Եթե «ճտերն աշնանն են հաշվում», ապա ձվերը Հայաստանում, որպես կանոն, հաշվում են տարվա մեջ առնվազն երկու անգամ՝ գարնանը՝ Զատիկից առաջ, ու ձմռանը՝ Նոր տարուն ընդառաջ:

«Ոսկե ձու». ինչո՞ւ է այն օրեցօր թանկանում ու ի՞նչ կապ ունեն առաքիչները

Մեկ շաբաթից Զատիկ է, ու դարձյալ հայ սպառողի ամենօրյա խոսակցության թեման ձվի` օր օրի թանկացող գինն է:

Այս երևույթը, ինչպես արդեն հայտնի է, չի վրիպել նաև պետական մարմինների ուշադրությունից: Տեսչական մարմինները Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի հետ որոշել են լրջորեն զբաղվել այս շուկայով:

Մարտի 25-ին ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ ամեն օր մշտադիտարկում են իրականացնում խոշոր առևտրային ցանցերում, պաշտոնական հարցումներ են ուղարկվել ձվի արտադրությամբ զբաղվող խոշոր տնտեսվարող սուբյեկտներին ու առևտրային ցանցերին, նաև պատրաստվում են անձամբ հանդիպել առևտրային ցանցերի ղեկավարների հետ:

Բայց մինչ պետական կառույցները փաստեր կհավաքեն, կուսումնասիրեն ու գուցե նաև որոշեն տուգանել ձվի անբարեխիղճ արտադրողներին, նրանք արդեն եկեղեցական տոնի առիթով հայ սպառողին «թալանած» կլինեն, իրենց անբարեխիղճ մրցակցության արդյունքներն էլ` վայելած:

Նոր տարվա ձվի փողը բյուջե դեռ չի հասել

Ասվածը զուտ ենթադրություն չէ, այլ արված է բավական լուրջ հիմքի վրա:

Այս օրերին հաճախ ենք հիշել, որ ձվի ոլորտի խոշոր ձեռնարկություններին ՏՄՊՊՀ-ն ընդամենը 3 ամիս առաջ էր տուգանել, երբ Նոր տարուց առաջ պարզել էր, որ ձվի գնի տատանումները ոչ թե շուկայի կանոնների, այլ հակամրցակցային համաձայնության հետևանք են:

Եվ, այսպես, դեկտեմբերի 15-ի որոշմամբ, ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում աշխատող 7 ընկերությունների մեղադրել էր հակամրցակցային համաձայնություն կնքելու մեջ ու բոլորին միասին 103 մլն դրամով տուգանելու որոշում կայացրել՝ յուրաքանչյուրին իր նախորդ տարվա եկամտի չափին համապատասխան («Վարիանտ Գրուպ»` 2 016 286 դրամ, «Լուսակերտ»՝ 11 310 112, «Լուսակերտի Էլիտ»` 8 113 392, «Գնթունիք»` 3 918 095, «Աշտարակ ձու»` 13 767 522, «Արզնու տոհմային ԹՏԽ»` 12 951 952 և «Արաքս թռչնաֆաբրիկա»` 50 767 227 դրամ):

Գներն իջե՞լ են, թե՞ բարձրացել. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է սննդամթերքի շուկայի մասին

Որոշում ընդունվեց ու հրապարակվեց, հանրությունը մխիթարվեց այնքանով, որ իրեն թալանողները գոնե բյուջե կփոխանցեն այդ գումարները, ու հենց այստեղ էլ ևս մեկ անգամ խաբվեց:

Ձուն թանկանում է. Պիպոյանն արտադրողներին տուգանելուց բացի «պատժելու» այլ տարբերակ էլ գիտի

Իրականում ոչ մի գումար էլ դեռ չի վճարվել բյուջե, ու ըստ ամենայնի, մոտ ապագայում էլ հազիվ թե վճարվի:

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, տուգանքի արժանացած 7 ընկերություններից 6-ը (բացի «Գնթունիքից») հանձնաժողովի որոշման հետ համաձայն չեն ու դիմել են Վարչական դատարան:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված որոշումների համաձայն` 6 ընկերությունների հայցերն էլ ընդունվել են վարույթ:

«Լուսակերտ Էլիտի» նախնական նիստը նշանակվել է ընթացիկ տարվա մայիսի 3-ին, «Արզնու տոհմային ԹՏԽ»-ինը՝ մայիսի 20-ին, «Արաքս թռչնաֆաբրիկայինը»՝ ապրիլի 6-ին, իսկ «Աշտարակ ձու» ընկերության նախնական նիստը՝ հոկտեմբերի 27-ին:

Միայն «Լուսակերտի» բուն դատավրությունն է արդեն մեկնարկել, տուգանքի վճարումն էլ դատարանի որոշմամբ հետաձգվել է մինչև դատական վերջնական ակտի կայացումը: Իսկ եթե տնտեսվարողները որոշեն սպառել ՀՀ բոլոր 3 դատական մակարդակները, վերջնական ակտը կարող է կայացվել տարիներ անց միայն:

Նեղացրել է պետությունը, վճարում է քաղաքացին

Այլ կերպ ասած՝ նախորդ արարքի դիմաց դեռ չվճարած` ձվի շուկայի խոշոր արտադրողներն այսօր նոր իրարանցում են առաջացրել շուկայում: Հետաքրքրական է, որ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նույնիսկ կասկած էր հայտնել, թե այս թանկացումը կարող է կապ ունենալ նախորդ տարվա թանկացման հետ: Այսպես ասած՝ տնտեսվարողները սրանով իրենց բողոքն են արտահայտում իրենց տուգանած պետությունից, իսկ տուժում է, ինչպես միշտ, շարքային քաղաքացին:

Մարդիկ մի հատով են ձու գնում, իսկ դուք ասում եք` պայուսակ...

ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կատարվածի մեջ ավելի շատ փոքր խանութներին է մեղադրում, ՏՄՊՊՀ-ին էլ քննադատում է անգործություն դրսևորելու համար:

«Արտադրողն ամեն օր արտադրանքի հաշիվ ֆակտուրան ուղարկում է Տնտեսական մրցակցության հանձնաժողով։ Ստանո՞ւմ են` հա՛, տեսնո՞ւմ են` հա՛, դե թող վերահսկեն։ Արտադրողը չի կարող վերահսկել. դա իր գործը չէ։ Թող գնան խանութին ասեն` առաջ 10 տոկոս էիր ավելացնում, հիմա ինչո՞ւ ես 20 դրել, չէ՞ որ դրանից խանութն էլ է սկսում օգտվել, որ տեսնում է` աժիոտաժ է, ասում է` սպասի 2 դրամ բարձրացնեմ, ամեն 3 օրը մեկ 2 դրամ բարձրացնում է»,- ասում է Ստեփանյանը։

Ու մինչ բոլորը մեղավորներ են փնտրում, ձուն օր օրի թանկանում ու նորանոր անակընկալներ է մատուցում խանութ մտնող սպառողին:

Վերջին տվյալներով` խոշոր չափի ձուն արդեն 110 դրամով է վաճառվում:

Ովքեր ու ինչպես են «խաղում» գների հետ. ՏՄՊՊՀ նախագահը խոստանում է խիստ պատժել