ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. «Freedom House»-ի Եվրոպայի ու Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը Հայաստանի կառավարությանը քննադատել է ԶԼՄ-ներում զրպարտության ու վիրավորանքի համար տուգանքներ սահմանելու համար:
Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։
«Հայաստանում ԶԼՄ-ների ազատության և խոսքի ազատության պաշտպանությունը ՀՀ իշխանությունների պարտականությունն է։ Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը կողմ է այն տուգանքներին, որոնք խեղդելու են խոսքի ազատությունն ու սպառնում են երկրում ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակությանը», - նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Freedom House»-ը համարում է, որ օրինագիծը կարող է օգտագործվել չափազանց մեծ տուգանքներ գանձելու ու անկախ մեդիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու համար:
«Հայաստանի իշխանությանը հորդորում ենք լրջորեն վերաբերվել քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների պահանջներին ու չեղյալ հայտարարել այս օրենքը»,– նշված է հայտարարության մեջ։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փաստաթուղթն ուղարկել է ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև տարբեր իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպություններին:
Նշենք, որ մինչ այս «Freedom House»-ը դրական էր գնահատում հետհեղափոխական գործընթացներն ու Հայաստանի իշխանության գործողությունները։
Խայտառակ օրենք է. ժուռնալիստների միությունը դիմել է Արմեն Սարգսյանին ու Արման Թաթոյանին